Վարդենիկ համայնքի 13֊րդ փողոցում

Կատարված փոփոխությունները
Ներկայումս Գեղարքունիքի մարզի շատ համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն  ծրագրերի շրջանակներում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Այդ համայնքներից է նաև ՀՀ֊ի ամենամեծ գյուղը՝ Վարդենիկը։ Գյուղում իրականացվելիք մեծածավալ բարեփոխումներից հատկապես ցանկանում եմ առանձնացնել
13֊րդ փողոցում կատարվող փոփոխությունները։ Փողոցի առանձնահատկությունն այն է , որ գտնվում է գյուղի կենտրոնական հատվածում, այս փողոցը ոռոգող առուն համարվում է նաև մի քանի այլ փողոցների գլխավոր առու, հենց այս հատվածում են հավաքվում այդ թաղամասերի բնակիչները և որոշվում է հողամասերը ջրելու հերթականությունը։
Դեռ երկու֊երեք տարի առաջ գյուղի շատ առուներ ՝ այդ թվում և վերոնշյալ փողոցի առուն, գտնվում էին անմխիթար վիճակում։Անմխիթար վիճակի պատճառներից մեկն էլ մարդկանց անտարբեր վերաբերմունքն էր (տե՛ս լուսանկարում) ։ Աղբը գցելով առուները՝ առաջանում էին մեծ խցանումներ, որն է՛լ ավելի էր դժվարացնում հողամասերը ոռոգելու հարցը։

Ներկայումս բարեկարգվել են մեծ թվով առուներ և դրանով իսկ հեշտացել է նաև հողամասերը ոռոգելու գործընթացը։
Սակայն դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են աղտոտել առուները։ 
Կարծում եմ՝ այս հարցի լուծումն էլ ավելի արդյունավետ և նպատակային կլինի, երբ փոխվի մարդկանց վերաբերմունքը, երբ բոլորս մտածենք մեր գյուղի, մեր տան, բնության և մեր շրջապատի մասին։ Այս հարցի լուծման համար կարևոր է նաև աղբահան մեքենաների քանակի ավելացումը։ 

Դեռ երեք֊չորս տարի առաջ իրականացվող ծրագրերի շրջանակներում լուսավորվել են  Վարդենիկ գյուղի գրեթե բոլոր փողոցները, դրանց մեջ ներառված է նաև 13֊րդ փողոցը,սակայն պետք է նշել, որ մինչ լուսավորելը առկա էին մի շարք խնդիրներ, որոնցից մեկն էլ հատկապես գիշերային ժամերին հողամասերը ոռոգողների համար ստեղծված դժվարություններն էին։ Ներկայումս այդ խնդիրները նույնպես ստացել են իրենց լուծումները ։
Եվ հաջորդ բարենորոգումը, որը իրականացվում է ողջ Վարդենիկում՝ կապված է ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Ներկայումս գյուղում  սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում, ասֆալտապատվում է 12 փողոց, որոնցից 10֊ը վերջին ժամանակաշրջանում ընդհանրապես վերանորոգված չեն եղել։ Դրանց թվին է պատկանում նաև 13֊րդ փողոցը։
Այս փողոցը հայտնի էր նաև իր մեծ ջրային փոսերով, որոնք մեծ դժվարություններ էին առաջացնում թե՛ մարդկանց, թե՛ ավտոմեքենաների անցուդարձի համար։ Բարեբախտաբար այդ հարցը նույնպես լուծման փուլում է գտնվում։
Հույս ունենք, որ այսպիսի ծրագրերը շարունակական կլինեն Վարդենիկ գյուղում և ոչ միայն, և մեր համայնքները կլինեն քաղաքների պես զարգացած ու բարեկարգված։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website